Հրմշտոց և բախումներ՝ Աբովյան փողոցում․ քաղաքացիները պառկել են գետնին՝ փակելով ճանապարհը. Տեսանյութ
Քաղաքացիները անհնազանդության ակցիա են իրականացրել Աբովյան փողոցում, նրանք նախ Մաշտոցի պողոտայից երթով շարժվել են Աբովյան փողոց։ Իրավիճակը լարվեց, երբ երթի մասնակիցներից մի քանիսը փորձեցին փակել հանդիպակաց երթևեկությունը: Ոստիկանները թույլ չտվեցին, ինչից հետո բախումներ և հրմշտոց տեղի ունեցավ մի քանի քաղաքացիների և ոստիկանների միջև։ Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել քաղաքացիներին, վերջիններս պառկեցին գետնին և փակեցին փողոցը, ինչից հետո ոստիկանները ուժ կիրառելով բերման ենթարկեցին մի խումբ քաղաքացիների։ Քաղաքացիները շարունակեցին երթը։ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ անկախ ամեն ինչից իրենք շարունակելու են իրենց գործողությունները։
«Թուրքիայում այսօր ուրախանալու են հայ ոստիկանների արարքով, շարունակելու ենք պայքարը, պետք է վախենա՞նք ոստիկանների բերման ենթարկելուց։ Մենք իրականացնում էինք խաղաղ երթ՝ ոստիկանների հետ համագործակցելով, այսօր իրենց հետ հանաձայնեցնում էինք, վաղը ընդհանրապես չենք հարցնի, դա էլ չեն ստանալու»,- ասաց նա։
Անդրադառնալով երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին, Մանուկյանը ասաց, որ ի սկբանե իրենք որոշել էին կարդալ հրաժարականի պահանջը և լքել դահլիճը։
Քաղաքացինեը պարալիզացրել են Մաշտոց-Մոսկովյան փողոցը և կանգնեցրել երևթեկությունը։
Աղբյուր՝ Tert.am

