«Խաղաղությունն այլընտրանք չունի». Գարեգին Բ-ն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահին
Ապրիլի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը։
Մայր Աթոռի տեղեկատավական համակարգից հայտնում են, որ ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը կարևորեց նման փոխայցելությունները և երկու երկրների միջև ընդլայնվող գործակցությունը` այն համահունչ նկատելով ժողովուրդների դարավոր բարեկամությանը: Նորին Սրբությունը, անդրադառնալով անկախության տարիներին երկու երկրների միջև հաստատված սերտ հարաբերություններին, նկատեց, որ հայ և վրաց ժողովուրդները միասնաբար հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ՝ պահպանելու իրենց ազգային ինքնությունը և հոգևոր արժեքները:

