Եթե իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել. Մովսես Հակոբյան
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի կարծիքով՝ եթե Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը քաղաքական լուծում չստանա, ռազմական գործողությունները պետք չէ բացառել։
«Եթե քաղաքական լուծումներ չգտնեն, այո, չեմ բացառում ռազմական գործողություները»,- «Aysor.am»-ի հետ զրույցում հայտարարել է Հակոբյանը։
ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը վստահ է՝ Արցախի պաշտպանության բանակն իր հնարավորություններից ավելի ամեն խնդիր կատարում է այս պահին։
Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանին հաջողվի գրավել Քարագլուխը, Մովսես Հակոբյանը պատասխանել է.
«Եթե հակառակորդին հաջողվի հասնել Քարագլուխ, հայկական կողմը կկորցնի ահագին տարածքի նկատմամբ հսկողությունը»։
Հարցին, թե այս ամենի ֆոնին ինչպե՞ս ենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու, Մովսես Հակոբյանն ասել է, թե խաղաղության հասնելու համար բանակցությունները պետք է ավելի ինտենսիվ ընթանան։
«Ամեն մարդ, ամեն պետություն իր ուղղությամբ է քայլում, ամեն ինչ պետք է անել, որ հարևանների հետ ապրես խաղաղ, բայց Ադրբեջանն իր շահն է առաջ տանում ու երբեք հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը մտածելու է Հայաստանի մասին»,- ընդգծել է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը։