Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 28-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ 0.19 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: