Ծառուկյան դաշինքին է միանում նաեւ ՀՀՇ-ն, շաբաթվա վերջին կստորագրվի համաձայնագիրը
ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը շարունակում է քաղաքական ուժերի ու գործիչների հետ միավորվելու բանակցությունները: Ամենայն հավանականությամբ մինչեւ շաբաթվա վերջ դաշինքին միացած ուժերը կստորագրեն համաձայնագիրը: Այս պահի դրությամբ Ծառուկյան դաշինքին միացել են ԲՀԿ-ն, ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ը եւ «Միասնություն» շարժումը: Դաշինքում կհանգրվանեն նաեւ առանձին քաղաքական գործիչներ:
ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ տեւական ժամանակ է քննարկումներ են անցկացնում, սակայն դեռ հստակ որոշում չունեն:
«Տեւական ժամանակ է՝ մենք քննարկումների մեջ ենք ողջ ընդդիմադիր քաղաքական դաշտի հետ, հիմնականում եղել են կոնսուլտատիվ բնույթի քննարկումներ, մոտ ապագայում վերջնական հստակեցումը կլինի, վարչության նիստն է առաջիկայում, որի ժամանակ համապատասխան որոշում կընդունվի»,-ասաց Կարեն Կարապետյանը: