Ուկրաինայի արտգործնախարար. «Լավրովի հետ հանդիպումը լինելու է Չավուշօղլուի շնորհիվ»
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ կհանդիպի ու կբանակցի Ռուսաստանի արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ուկրիանական հեռուստաալիքներից մեկին հյուրընկալված Կուլեբան ավելացրել է, որ այդ հանդիպումը կայանալու է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի շնորհիվ:
«Մարտի 10-ին կայանալիք հանդիպումը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի շնորհիվ է տեղի ունենալու: Չգիտեմ Էրդողա՞նն է Պուտինին համոզել, թե՞ Չավուշօղլուն Պուտինին, բայց հանդիպումը կայանալու է»,- ասել է Կուլեբան:
Ըստ նրա՝ վերջին 2 տարում Լավրովը խուսափել է Նորմանդյան քառյակի կամ երկկողմ ձևաչափով իր հետ հանդիպելուց, իսկ հիմա հանկարծակի ընդունել է առաջարկը:
Կուլեբան հայտնել է, որ իրենք պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում՝ Ղրիմի ու Դոնբասի թեման: