Պուտինն Էրդողանին հայտնել է՝ երբ կդադարեցնի ռազմական գործողությունները
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պուտինը տեղեկացրել է Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության մասին, հայտնել իր մոտեցումներն ու տեսակետները։
Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել ուկրաինական իշխանությունների և արտասահմանյան գործընկերների հետ գնալ երկխոսության՝ կոնֆլիկտի լուծման նպատակով։ Պուտինը ուշադրություն է հրավիրել բանակցային գործընթացի ձգձգման և անհեռանկարային լինելու վրա, որն ըստ նրա արվում է ուկրաինացի ուժայինների կողմից՝ սեփական ռազմական ստորաբաժանումները վերախմբավորելու համար։
Նա շեշտել է, որ ռազմական գործողությունները կդադարեն միայն այն ժամանակ, երբ Կիևը վայր կդնի զենքերը։