Ադրբեջանի ՊՆ նոր մեղադրանքն ու «տեղանվանական հայտնագործությունները»
Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը։ Վերջինը մարտի 3-ի առավոտյան հանդես է եկել Հայաստանի հասցեին նոր մեղադրանքներով։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «մարտի 2-ին, ժամը 20.50-ից մինչեւ 21.16-ը Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները Թովուզղալինի շրջանի Չինարլի բնակավայրի դիրքերից տարբեր տրամագծի զենքերով գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը Թովուզի շրջանի Կոխանաբի եւ Էսրիկ Ջիրդահան բնակավայրերի ուղղությամբ»։ Ադրբեջանական բանակի անձնակազմի եւ տեխնիկայի կորուստներ չկան։ Ներկայում իրավիճակն այդ ուղղություններում կայուն է։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն առայժմ ոչ մի կերպ չի արձագանքել այս մեղադրանքներին։
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը, ոչ առաջին անգամ, օգտագործում է սեփական տեղանուններ՝ հայկական Տավուշի մարզն անվանելով «Թովուզղալինի շրջան»։ Սա արվում է հեռահար նպատակով՝ հետագայում այդ շրջանի հանդեպ հավակնություններ ներկայացնելու համար։
Աղբյուր՝ News.am