Ուկրաինայի ներկայիս սահմանների մասին Պուտինի խոսքերը չեն վերաբերում ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետություններին. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքն այն մասին, թե ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները ԽՍՀՄ-ի շրջանակներում, չի վերաբերում նախկին խորհրդային մյուս հանրապետություններին։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը հրաժարվել է պատասխանել, թե նախագահի համար ի՞նչ տարբերություն, թե ինչպես են որոշվել Ուկրաինայի և, օրինակ, Ղազախստանի սահմանները։
«Մենք, մեծ ցանկության դեպքում անգամ, այժմ չենք կարող ձեզ հետ պատմական քննարկման հարթակ ստեղծել: Հուսով եմ, որ առաջիկա ասուլիսների ընթացքում, նախագահի մամուլի հետ շփման ժամանակ դուք հնարավորություն կունենաք տալ այս լրացուցիչ հարցերը»,- ասաց նա։
Երկրի ղեկավարն ավելի վաղ մի քանի անգամ ասել է, որ Ուկրաինան, իր ժամանակակից սահմաններով, ամբողջությամբ խորհրդային ժամանակաշրջանի մտահղացումն է, որը ստեղծվել է հիմնականում պատմականորեն ռուսական հողերի հաշվին: Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «ճանաչել է աշխարհաքաղաքական նոր իրողությունները» և օգնել անկախ Ուկրաինայի ձևավորմանը։