Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու հարց չկա. ԱԳՆ
Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»,-նշել է Հունանյանը։
Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։