Հայտնվեցին պաշտոնյաներ, որոնք լրագրողներին ու նրանց աշխատանքը սկսեցին համեմատել վարձկանների, ահաբեկչական ակտերի հետ. սա անթույլատրելի է. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատանքի գլխավոր ուղղություններից մեկը եղել է լրագրողների իրավունքների պաշտպանությունը, որովհետև լրագրողների աշխատանքը կարևոր է երկրում խոսքի ազատությունը պաշտպանելու, ժողովրդավարության համակարգի համար, և, ի վերջո, լրագրողների աշխատանքի շնորհիվ է, որ քաղաքացին տեղեկություններ է ստանում այն մասին, թե ինչպես են աշխատում պետական մարմինները, հետևաբար՝ այդ կերպ նաև կարողանում է վերահսկել այդ պետական մարմիններին:
Այս մասին իր պաշտոնավարման 6 տարիներին նվիրված հերթական ամփոփիչ տեսանյութում խոսել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Ըստ նրա՝ դրանով են պայմանավորված նաև ՄԻՊ մի քանի դիմումները Սահմանադրական դատարան (ՍԴ) հենց միայն լրագրողների իրավունքների մասով:
«Այդպիսի դիմումներից մեկի առիթը եղավ այն, որ Հայաստանի Ազգային ժողովը (ԱԺ) փոփոխություններ կատարեց «Պետական սահմանի մասին» օրենքում, որով լուրջ սահմանափակումներ նախատեսվեցին նաև լրագրողների համար: Մասնավորապես, սահմանային հատվածներում լրագրողներին արգելվում էր իրականացնել նկարահանումներ կամ այլ լրագրողական աշխատանք: Օրենքը նախատեսում է, որ դա պետք է անել հատուկ թույլտվությամբ, բայց փոխարենը նախատեսված չէին չափանիշներ: Լրագրողները հայտնվել էին անորոշության մեջ. հնարավոր չէր հասկանալ՝ ինչ չափանիշներ է պետությունը կիրառում»,- նշել է ՄԻՊ-ը:

