Հայաստանի մասին Լուկաշենկոյի հայտարարություններից հետո Երևանի և Մինսկի միջև դիվանագիտական սկանդալ չկա․ Բելառուսի ԱԳՆ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանի մասին հայտարարություններից հետո Մինսկի և Երևանի միջև դիվանագիտական սկանդալի մասին խոսք չկա։ Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը։
«Այս հարցին ուռճացված ուշադրություն են դարձրել Հայաստանի որոշ քաղաքական ուժեր, պետք է ամբողջությամբ նայեք նախագահի հարցազրույցը, ոչ մի խոսք չի եղել, որ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին ստիպում է անդամակցել ինչ-որ ինտեգրացիոն ասոցիացիայի: Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու է խոսք գնում ինչ-որ դիվանագիտական սկանդալի մասին»,- պարզաբանել է նա։
Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում մեկնաբանելով Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը նոր երկրների միանալու հնարավոր հեռանկարները, ասել էր, որ «Հայաստանը գնալու տեղ չունի»։