Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։
Ինչպես արդեն տեղեկացվել էր, նիստն սկսվել էր տեխնիկական ընդմիջմամբ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել էր, որ Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանից ստացվել է տեղեկություն այն մասին, որ փետրվարի 7-ին փաստաբանը Կապանում մասնակցել է նիստի եւ երեկ չի կարողացել վերադառնալ։ Այսօր ճանապարհին տեխնիկական խնդիրներ են առաջացել, որոնց պատճառով նա չի հասցնում ներկայանալ նիստի սկզբին։ Փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալ Ռոբերտ Քոչարյանը ճանապարհին է։
Ընդմիջման ընթացքում հասցրել է ներկայանալ երկրի երկրորդ նախագահը։ Արմեն Գեւորգյանը տեղեկացրել է, որ, իր տեղեկություններով, մեքենան է խափանվել։ Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ քանի որ իրենք չենք կարող ստուգել բացակայության հարգելիությունը, ապա ձեռնպահ կմնան դիրքորոշում հայտնելուց։
Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 13.00-ին։