Իսրայելը կշարունակի իր ռազմավարությունը Իրանի հարցով, եթե նույնիսկ գործարք կնքվի. Նաֆթալի Բենեթ
Իսրայելը կհետեւի «իրանական ագրեսիայի» դեմ պայքարելու իր ռազմավարությանը՝ անկախ նրանից, թե արդյոք համաշխարհային տերությունները համաձայնության կգան Իսլամական Հանրապետության հետ Վիեննայի բանակցություններում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նաֆթալի Բենեթը The Jerusalem Post-ին տված հարցազրույցում։
«Իսրայելի ռազմավարությունը կախված չէ պայմանավորվածություն լինելուց կամ չլինելուց»,-ասել է Բենեթը։ «Մենք մեզ կպաշտպանենք։ Մենք կպահպանենք մեր գործողությունների ազատությունը... Մենք եւ ամերիկացիները համակարծիք չենք»,- ասել է Բենեթը՝ դեմ արտահայտվելով Իրանի դեմ պատժամիջոցների թուլացմանը:
«Գործարքը, որը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ուղարկում այս փտած եւ թույլ ռեժիմին, սխալ կլինի, քանի որ այդ գումարները կուղղվեն Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների եւ տարածաշրջանում ամերիկացիների դեմ»,- ասել է Բենեթը:
Թեհրանը, ըստ Բենեթի, «պոկեր է խաղում շատ թույլ խաղաթղթով, բայց դա բլեֆ է»։ «Իսրայելը ուղերձ է փոխանցել ԱՄՆ-ում եւ Եվրոպայում իր ընկերներին, ովքեր բանակցություններ են վարում Իրանի հետ»,- ասել է վարչապետը։
Աղբյուր՝ NEWS.am