Հուսով ենք, որ սեպտեմբերին ՌԴ-ում ոչ ռուսական վարորդական իրավունքի արգելքի հարցը կլուծվի. Կարինե Մինասյան
Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած արտասահմանյան վարորդական իրավունքների արգելքի հարցը բարձրացվելու է Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի կողմից. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախարար Կարինե Մինասյանը: Հաղորդում է «Tert.am»-ը:
«Այդ հարցը քննարկում ենք մեր հարթակում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, բայց այդ հարցը նաև երկկողմ բանակցություններում է քննարկվում՝ Բելառուսի, ԵԱՏՄ-ի, նաև՝ Հայաստանի կողմից»,- ասաց նա:
Նա նկատեց, որ Ռուսաստանի կողմից ստեղծված արգելքը սահմանափակում է Հայաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների հնարավորությունները տնտեսական գործունեություն իրականացնելիս:
«Ռուսաստանն արդեն որոշ քայլեր արել է և հայտարարել է, որ այդ հարցը ինչ-որ չափով լուծվելու է: Այս վերջերս Ռուսաստանը եկավ եզրակացության, որ ԵԱՏՄ երկրների համար իր օրենսդրությունում կանի հատուկ փոփոխություններ, և առաջին ընթերցմամբ այդ օրենքն անցել է, և հուսով ենք, որ սեպտեմբերին այդ հարցը բոլոր վարորդների համար կլուծվի»,- ասաց նա՝ հստակեցնելով, որ հնարավոր է՝ հունիսի 1-ից ընդունված օրենքը չի կիրառվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա:
Աղբյուր՝ «Tert.am»