Էդմոն Մարուքյանը, Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը կլինեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդում
Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։
Մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ և թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ, հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ.
Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝
1. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց):
2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան):
3. «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան):
Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝
1. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան).
2. «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան):
Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին։