Netflix-ի սերիալն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում․ ցուցադրված քարտեզում Հայաստանը ներկայացվել է պատմական սահմաններով
Ամերիկյան Netflix սթրիմինգային ծառայության կողմից ցուցադրվող բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։ Դրանում Հայաստանը ներկայացված է եղել իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը։
Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը (Türk DEGS) այդ մասին առաջինն է գրառում արել Twitter-ի էջում՝ բողոքելով, որ Netflix-ը Թուրքիայի մի մասը որպես Մեծ Հայքի մաս է ներկայացրել:
«Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին վավերագրական ֆիլմում, որը հեռարձակվել է Netflix հարթակում, Թուրքիայի տարածքը ներկայացվել է որպես Հայաստանի տարածք։ Մենք դատապարտում ենք բոլոր այս նախաձեռնությունները, որոնք ուղղված են Թուրքիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,-ասված է վերոնշյալ կենտրոնի գրառման մեջ: