«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ապագայում». Անդրեյ Ռուդենկո
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ապագայում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով։
«Մենք ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա շուտով, մենք անհաղթահարելի խոչընդոտներ չենք տեսնում այս համաձայնագրի ամենաբարձր մակարդակով իրագործման ճանապարհին»,- ասել է նա։
ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից Ռուսաստանը հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր աջակցությունը Ադրբեջանի և Ադրբեջանի միջև համապատասխան բանակցային գործընթաց սկսելու համար։
«Նշեմ, որ միջադեպերն անմիջականորեն կապված չեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ, խնդիրը ժառանգվել է խորհրդային ժամանակներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ»,- շեշտել է նա։