«30 տոկոս աղքատություն ունեցող երկրում 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ թիմով արդարացնում այդ որոշումը». Մարությանի ամբողջական ելույթը. Տեսանյութ
Այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու արտահերթ նիստում ելույթ ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ներկայացնում ենք ելույթի ամբողջական տեքստը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երեւանցիներ, դիմում եմ Ձեզ:
Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ: Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում: Եվ կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի: Օրինակ` բյուջեից խոշոր չափի գումարների հափշտակում, կամ ինչ-որ այլ՝ աշխատանքային կամ կենցաղային զարհուրելի հանցանք:
Բայց, ինչպես ելույթներից հասկացանք այդպիսինները չկան: Ներկայացվող հիմնական պատճառը լրիվ այլ է` ինչպես նախաձեռնող խումբն է ասում` քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաեւ այս պաշտոնը: Եկեք հասկանանք՝ արդյոք դա այդպես է թե ոչ:
2018 թվականին Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրեց, որին մենք բոլորս մասնակից ենք եղել, եւ ամեն մեկս մեր լուման է ներդրել այդ կարեւոր գործում։
Հեղափոխության հաղթանակից հետո առաջին ընտրությունները Երեւանի ավագանու ընտրություններն էին, որտեղ մենք, որպես հեղափոխական թիմ, խնդիր ունեինք ջախջախիչ հաղթանակ տանել եւ թղթի վրա հստակ ամրագրել ժողովրդի կամքը, ինչն էլ իր հերթին թույլ կտար գնալ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին եւ ամրագրել այդ հաղթանակը արդեն համապետական մասշտաբով։
Այդ նպատակով ստեղծվեց հեղափոխական «Իմ քայլը» դաշինքը, որի մաս կազմեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը եւ մի շարք այլ կուսակցությունների անդամներ կամ անկուսակցական ակտիվ քաղաքացիներ։
Ավելորդ չէ հիշեցնել, որ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Այսինքն՝ ֆրակցիայի մեծ մասը անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ։ Սա կարծում եմ, շատ հատկանշական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական պալիտրան։
Ընտրությունների արդյունքում մենք ունեցանք շատ համոզիչ հաղթանակ՝ հավաքելով ձայների մոտ 82 տոկոսը։ Կրկնում եմ՝ ժողովուրդը իր ձայնը չտվեց որեւէ կուսակցության, ժողովուրդը իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին, իր ձայնը տվեց Հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հայտնի եւ հարգված մարդկանց, օրինակ՝ հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանին, հայտնի բլոգեր Իզաբելլա Աբգարյանին, ճարտարապետ Արսեն Կարապետյանին եւ շատ այլ մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրենց նվիրել էին Հայաստանում հեղափոխության հաղթանակի գործին։
Այստեղ շատ կարեւոր նրբություն կա․ հեղափոխական թիմը չգնաց ընտրությունների Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրոշի ներքո։ Ոչ միայն նրա համար, որ հեղափոխությունը արեց ամբողջ ժողովուրդը, այլ ոչ թե ինչ-որ կուսակցություն, այլ նաեւ նրա համար, որ ուղղակի «Քաղաքացիական պայմանագիր» անունը, այդ ժամանակ լայն զանգվածներին գրեթե ծանոթ չէր։
Այսպիսով, եկեք արձանագրենք, որ 2018 թվականի Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, եթե անձերին մի կողմ դնենք, ժողովուրդը ընտրեց «Իմ քայլը» հեղափոխական դաշինքը։ Այսօր այս պրոցեսը նախաձեռնող խումբը որպես անվստահության հիմք ասում է, որ քանի որ ես դուրս եմ եկել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից եւ, շեշտում եմ, դուրս եմ եկել «Իմ քայլը» դաշինքից, ապա չեմ կարող լինել քաղաքապետ։ Սիրելի հայրենակիցներ, պաշտոնապես ասում եմ՝ ես դուրս եմ եկել ՔՊ կուսալցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ, եւ նախաձեռնող խմբի այս պնդումը ուղղակի կեղծիք է։
Ի դեպ, իրենց փաստարկներում հիշատակելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունը՝ այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը։ Սա անընդունելի է ինձ համար եւ ինձ նման հազարավոր մարդկանց համար, որոնք կուսակցական չեն եւ հեղափոխություն են արել ուղղակի ավելի լավ Հայաստանի երազանքով։
Ասեմ ավելին՝ ՔՊ-ականները ավելի են առաջ գնացել։ Նրանք վերջերս արդեն առաջ են տանում այն թեզը, որ «ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը», «ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա նույնպես անընդունելի է եւ վիրավորական այն քաղաքացիների համար, որոնք կուսակցության անդամ չեն։
Հետեւաբար՝ ո՞րն է անվստահության հիմքը։
Այս օրերին նախաձեռնության հեղինակները եւ նրանց կուսակցական ընկերներն ասում են նաեւ, թե Հայկ Մարությանը, այսինքն, ես, շեղվել եմ հեղափոխական արժեքներից։ Հիմա տեսնենք, թե ո՛վ է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից։
2018-ի արտահերթ ընտրություններից հետո սկսեցինք աշխատել։ Եվ հանկարծ, մի օր իմացանք, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրացրել են իրենց աշխատավարձերը, օրինակ, նախարարները՝ 1,5 միլիոն դրամ են ստանում՝ մաքուր, փոխնախարարները՝ 1-ական միլիոն դրամ, եւ այսպես շարունակ։ Գաղտնի որոշմամբ։ Հեղափոխական նախարարները։ Շեշտում եմ՝ ես չեմ խոսում պետական համակարգի այսպես կոչված տեխնոկրատ անդամների մասին, որոնք անկախ ամեն ինչից պրոֆեսիոնալներ են եւ իրենց աշխատանքի դիմաց պետք է գնահատվեն։ Ես խոսում եմ գաղափարական հեղափոխականների մասին, հեղափոխությանը մասնակցած եւ հեղափոխության շնորհիվ պաշտոն ստացած մարդկանց մասին։ Ես կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի՝ բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ՝ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրե՛նց կյանքը։ Այն դեպքում, երբ երկրում բնակչության աղքատության ցուցանիշը շարունակվում էր տատանվել 30 %-ի սահմաններում։
Կասեք՝ ինչու չէիր շուտ խոսում սրա մասին։ Ուրեմն, բազմիցս այդ հարցը բարձրացրել եմ ՔՊ-ում, թիմի ներսում՝ տարբեր մակարդակներում։ Ոչ մի արձագանք։ Կարծես թե ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ։
Բացի դրանից։ Աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էի ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, որոնք ասում էին՝ պարոն Մարության, քաղաքապետարանի էսինչ աշխատակիցը ինչ-որ «վատ» քոմենթ ա գրել կամ «վատ» ստատուսի տակ լայք ա դրել, իրեն պետք է աշխատանքից հանել։ Տասնյակ նման զանգեր եմ ստացել, ինչին ի պատասխան ասել եմ՝ ժողովուրդ ջան, հարգելիներս, հեղափոխությունն ախր նաեւ դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, երկիրը ֆեյսբուքով չեն կառավարում, ախր ամեն ինչ ֆեյսբուքում չի սկսում ու վերջանում, հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ էստեղ եկել, ես գործով եմ զբաղված։ Կարճ ասած, մերժում էի բոլոր նման առաջարկները։
Բայց սա դեռ ծաղիկներն են։ Հետո սկսեցին էլի, տարատեսակ պաշտոնատար անձինք զանգել ու իրենց մերձավորների համար արտոնություններ խնդրել՝ էս ծաղիկի բուդկեն էստեղ դնենք, էն շինթույլտվությունը տանք, սա էսքան հարկ ավել անենք, էս հողը ընդլայնենք եւ այլն։ Եվ բնականաբար, բոլոր դեպքերում ստացել են նույն պատասխանը․ քանի ես էստեղ եմ, ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում։
Սա շատ տհաճ ազդակ էր ինձ համար, որովհետեւ ես այդպիսի զանգեր ես, անկեղծ ասած, չէի սպասում, երբ միանում էի թիմին։ Եվ այդտեղ սկսեց ի հայտ գալ իմ եւ ՔՊ-ի միջեւ աշխարհայացքային խզումը։
Ու հիմա այս մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200․000 դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքա՜ն անհրաժեշտ գնում է դա պետության համար։ Պատկերանցում ե՞ք, մի երկիր, որը, կրկնում եմ, 30 տոկոս աղքատություն ունի, որը իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները վերանորոգելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրեստիժի համար է։ Ուրեմն ասեմ, հարգելիներս, դա պրեստիժ չի, հակառակը՝ դա մովետոն է, դա շատ վատ տպավորություն է թողում։ Դրանով դուք անգամ խղճահարություն չեք առաջացնում դրսում, այլ միայն տարակուսանք եւ քմծիծաղ։
Ու կարծում եմ, ավելորդ չի լինի ասել, որ ես դեռ 2019-ին վաճառքի եմ հանել քաղաքապետին կցված S դասի Մերսեդեսը, գումարը մուտք եմ արել քաղաքային բյուջե, էս ամբողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշում, ընդ որում, առանց վարորդի, ինքս եմ վարում (թիկնապահի մասին,բնականաբար, խոսք չկա): Երբեք, երբեք պարգեւավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս։ Եվ սա հերոսություն չի, սա, ինչպես ասում են՝ լավ չի, սա նորմալ ա։ Որովհետեւ դա իմ համոզմունքն է ու դա պետք է լինի հեղափոխական մանդատ ստացած ցանկացած պաշտոնյայի համոզմունքը։ Որովհետեւ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում չի՛ կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավելու մասին մտածի, սեփական կոմֆորտի մասին մտածի։ Այստեղ պետական աշխատանքը ինքնազոհողություն ու զրկանք պետք է լինի դեռ երկար տարիներ։
Բայց ինչպես տեսնում ենք, ՔՊ մեր գործընկերները, ցավոք, չեն կիսում այս սկզբունքը։ Դե հիմա ասեք՝ ով է շեղվել հեղափոխական արժեքներից։
Եվ հենց սա է հիմնական պատճառը, որ իմ եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կապը այդքան կարճ տեւեց։ Եվ ես անցած տարի որոշեցի դուրս գալ այդ կուսակցությունից։ Ընդ որում, պատերազմը մի քանի ամսով հետաձգեց այդ որոշման իրագործումը։ Նոյեմբերի 9-ից հետո սպասեցի, որ երկրում իրավիճակը հանդարտվի, կայունանա, եւ նոր, դեկտեմբերի 7-ին ներկայացրեցի կուսակցությունից դուրս գալու դիմումը։
Սուրեն Պապիկյանին էլ դիմումը հանձնելիս ասել եմ՝ եղբայր, որպեսզի որեւէ քաղաքական ուժ իր քաղաքական նպատակների համար չփորձի շահարկել սա, ես սրա մասին հրապարակային չեմ ասելու՝ ոչ մի դեպքում։ Ասել եմ՝ դուք կխոսեք սրա մասին այն ժամանակ, երբ ձեզ հարմար կլինի։ Ինչպես տեսնում եք՝ ես իմ խոսքը պահել եմ, եւ նրանք կուսակցությունից իմ դուրս գալու մասին հայտարարել են այն պահին, երբ իրենց է հարմար եղել, այսինքն՝ ինձ անվստահություն հայտնելու պահին։
Կարող եք հարցնել՝ այս ամենի մասին ինչու մինչեւ հիմա չես խոսել։ Ասեմ՝ լռել եմ՝ ներքաղաքական իրավիճակը չսրելու համար, բայց այսօր ՔՊ թիմը համարում է, որ պետության վիճակն այնքան կայուն է, որ շատ հարմար պահ է՝ քաղաքապետարանում հեղաշրջում անելու համար, ուստի ես արդեն կարող եմ ինձ թույլ տալ ժողովրդի հետ խոսել այս ամենի մասին։
Վերադառնանք ինձ ներկայացվող անվստահության, այսպես կոչված, հիմքերին։ Ասում են՝ Հայկ Մարությանը նախընտրական խոստումները բավարար չափով չի իրագործում։ Կներեք, բայց այս հարցում ինձ համար կարեւոր է երեւանցիների կարծիքը եւ գնահատականը, եւ հատկապես վերջին օրերին երեւանցիներն իրենց գնահատականը շատ հստակ տալիս են, ինչի համար, ի դեպ, շատ շնորհակալ եմ, սիրելի երեւանցիներ։
Հետո՝
Նախաձեռնող խումբն ասում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերը բավարար չեն։ Ուրեմն ասեմ՝ այս երեք տարվա ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Բացի դրանից, իրականացրել ենք 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում 10 գործ ուղարկվել է իրավապահներին։ Բացի այս ամենից, վարչական շրջանների աշխատակազմերն իրենց հերթին են տասնյակ դեպքեր բացահայտել։ Վստահաբար ասում եմ՝ քիչ կգտնեք գերատեսչություններ, որ իրենց համակարգի ներսում եղած կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ ավելի շատ նյութեր ուղարկած լինեն իրավապահներին, որքան մենք ենք ուղարկել։ Գնացեք, հարցրեք, վիճակագրություն ուզեք, տեսնենք, ով է ավելի լավ պայքարում կոռուպցիայի դեմ։
Ասում են՝ քաղաքապետը կորցրել է կապը ավագանու ֆրակցիայի հետ։ Այո, կորցրել եմ։ Հիմա պատմեմ մի դրվագ՝ մեր համատեղ աշխատանքի բազմաթիվ դրվագներից մեկը, որ պարզ լինի, թե ինչու է դա տեղի ունեցել։ Բոլորս գիտենք տրանսպորտի վիճակը Երեւանում եւ բոոլորս գիտենք, որ օր առաջ պետք է այս հարցին լուծում տալ։ Այդ նպատակով, անցած տարվանից սկսել ենք ավտոբուսներ գնել համայնքի միջոցներով։ Տենդեր էինք հայտարարել 8,6 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերեկու համար, որը կայացել էր, եւ պետք է ավագանին համաձայնություն տար, որ գումար հատկացնեինք գնման համար։ Դա 2021 թվականի փետրվարն էր։ Ահռելի ծավալի աշխատանք էինք կատարել, եւ ավագանին ընդամենը պետք է քվեարկեր։ Եվ ահա, ավագանու նիստին նախորդող երեկոյան տեղեկություն ենք ստանում, որ ՔՊ վարչության որոշ անդամներ հրահանգել են, որ Իմ քայլը քվորում չապահովի։ Պարզ ասած, որոշել էին տապալել ավտոբուսների գնման գործընթացը։ Մենք մեծ դժվարությամբ, զանգելով, բացատրելով կարեւորությունը, խնդրելով մեր գործընկերներին հրավիրեցինք նիստի, բայց այնուամենայնիվ, Իմ քայլը ֆրակցիան բավարար չափով ձայներ չապահովեց՝ այդ կարեւորագույն որոշումը ընդունելու համար։
Բառացիորեն քվեարկությունից առաջ դահլիճից մարդկանց զանգով դուրս էին հանում։ Եվ որոշումը կարողացանք ընդունել միայն ավագանու ընդդիմադիր եւ անկախ անդամների ներկայության շնորհիվ՝ +1 ձայնով։ Փաստացի, այս մարդիկ ուզում էին մեկ միլիոնանոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մի բանի համար, որ ասեին, որ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները։ Այսինքն, նեղ խմբակային շահը վեր են դասում համայնքի շահից։ Ու թող հեքիաթներ չպատմեն, թե իբր կառավարությունը ուզում է ավելի լավ ավտոբուսներ բերել։ Բերող էիք՝ բերեիք։ Մենք 850 ավտոբուսի կարիք ունենք, 211 հատն էինք էդ պահին բերում, մնացածն էլ դուք բերեիք, երեք տարի ժամանակ ունեիք, բերեիք, էսօր բերեք, վաղը բերեք, մի բան բերեք։
Այսքանից հետո, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարաբերություններ ես պետք է ունենամ ավագանու այս ֆրակցիայի հետ։
Իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչ ցածր մեթոդներով են այս մարդիկ իրականացնում «իմպիչմենտի» գործընթացը։
Սկզբից մամուլով ակնհայտ սուտ լուրեր տարածեցին, թե իբր հանդիպել եմ ինչ-որ նախկին պաշտոնյաների հետ, ինչ-որ բաներ եմ պայմանավորվել։ Մանիպուլացնում են, թե ինչ-որ նախկին պաշտոնյաների տներ եմ օրինականացրել, բայց չգիտես՝ ինչու չեն նշում, որ դա օրինականացվել է կառավարության 912-Ն որոշման հիման վրա, որի դեմ մենք երեք տարի է պայքարում ենք, բայց կառավարությունը այդ որոշումը համառորեն թողնում է ուժի մեջ, որ այդ նույն որոշմամբ օրինականացվում են նաեւ իշխանության ներկայացուցիչների ինքնակամ կառույցները, որովհեետեւ մենք ստիպված ենք շարժվել կառավարության որոշումներով։ Այնուհետեւ, դեզինֆորմացիայից ու մանիպուլյացիայից հետո սկսեցին գործի դնել շանտաժի գործիքները՝ ավագանու մի շարք անդամների ստիպելով ստորագրել իմ անվստահության որոշման տակ։ Բառացի՝ մեկին սպառնում էին աշխատանքից հանել, մյուսին ասում էին՝ փողիցդ կկտրենք, եւ այլն։ Հին ու բարի մեթոդներով։
Կարճ ասած, ես այս ամբողջ պրոցեսը համարում եմ անարգանք ժողովրդավարության հանդեպ եւ անարգանք երեւանցու քվեի հանդեպ։
Կարծում եմ, որ դուք ձեր սկսածը, միեւնույն է, ավարտին եք հասցնելու, ուստի քանի դեռ քաղաքապետ եմ, խնդրում եմ․ քաղաքի բոլոր ծառայությունների ղեկավարներին՝ ձեր ծառայությունը իրականացնել մաքսիմալ պատասխանատվությամբ, բարձր կարգապահությամբ, բազմապատկված նվիրումով։ Դուք պարտավոր եք ապահովել երեւանցիների անվտանգությունը եւ կոմֆորտը։
Շնորհակալություն եմ հայտնում մեր աշխատակազմի բոլոր անդամներին՝ համատեղ աշատանքի համար, շնորհակալություն իմ թիմի անդամներին։ Եվ ամենակարեւորը՝ շնորհակալություն Ձեզ, սիրելի երեւանցիներ, ձեր վստահության համար։ Կներեք, եթե ինչ-որ բան չհասցրեցի անել։
Շնորհակալություն, եւ Աստված պահապան»։