Որտեղով է անցնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախատեսված երկաթուղային ճանապարհը
Երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային
ընդունված կանոնների համաձայն, երկրների ինքնիշխանության և
իրավազորության ներքո։
Երևանն ու Բաքուն պայմանավորվել են Հայաստանի, Նախիջևանի և Ադրբեջանի միջև Երասխ-Ջուլֆա–Մեղրի–Հորադիզ երկաթգծի աշխատանքը վերականգնելու վերաբերյալ։ Դեռևս Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունն ամրապնդվել էր Բրյուսելում։ Դա հաստատել է Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկաթգիծը գործելու է սահմանային և մաքսային ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Արդյունքում Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան, իսկ Ադրբեջանը` Նախիջևան։ Բացի այդ, եթե հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ սահմանների և հաղորդակցությունների բացման մասին, ապա կգործի նաև Գյումրի–Կարս երկաթգիծը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ Երասխ–Հորադիզ երկաթգիծը կարող է ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում պահանջել։