Փաշինյանն ու Ալիևը կարճատև առանձնազրույց են ունեցել Բրյուսելում
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին նաև կարճատև առանձնազրույց են ունեցել՝ առանց իր մասնակցության․ «Այո, դա ճիշտ է: Ինձ համար կարևոր է աջակցել, խրախուսել, նրանց համար նույնպես կարևոր է զրուցել անմիջականորեն»։
Նա նշել է, որ անմիջական շփումը միջոց է կանխելու միջադեպերը և խուսափելու հետագա էսկալացիայից:
«Անմիջական շփումները ղեկավարների մակարդակով շատ կարևոր են անվտանգության և կայունության հնարավորություններն առավելագույնին հասցնելու հարցում»,- հայտնել է նա՝ նշելով, որ բանակցություններն ընդհանուր առմամբ 4 ժամ են տևել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։