Զախարովան վրացի լրագրողին խնդրել է ռուսերեն խոսել. Տեսանյութ
Ստոկհոլմում արտգործնախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի ժամանակ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի աշխատակից Թամարա Նուցուբիձեն հարցն ուղղել է անգլերենով։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վրացի լրագրողին խնդրել է ռուսերեն խոսել՝ հիշեցնելով, որ ասուլիսին մասնակցելու նրա խնդրանքը եղել է ռուսերենով։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Թամարա, կներեք, երբ դուք խնդրեցիք մասնակցել համաժողովին, դուք ռուսերեն էիք խոսում», – նշել է Զախարովան: Լրագրողը հարցրել է՝ արդյո՞ք սա խնդիր է, ինչին Զախարովան պատասխանել է. «Դե, ուղղակի այստեղ ռուս լրագրողներ կան։ (…) Թամարա՛, խնդրում եմ, արի խոսենք ռուսերեն»,- ընդգծել է Զախարովան։
Նուցուբիձեն պնդել է, որ ուզում է հարցը տալ անգլերենով: Ի պատասխան ստացել է Զախարովայի խորհուրդը. «Հաջորդ անգամ մասնակցություն խնդրելիս՝ անգլերենով, լա՞վ»:
Zham.am