Այս վիճակը ուշ թե շուտ պատերազմի է բերելու. Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ
Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն իր նկատմամբ հարուցված դատական նիստի լուսաբանմանը ներկա լրագրողներին ասել է, որ գործող իշխանությունը ժողովրդի համար խորթ իշխանություն է, և որևիցե բան անել չի կարող։
«Այս իրավիճակը, որ տիրում է հիմա Հարավային Կովկասում և մեր սահմաներում, կայուն վիճակ չէ։ Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ, խոսելով խաղաղության մասին, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանելու է դեպի կործանարար պատերազմի»,-ասել է Վազգեն Մանուկյանը, ապա հավելել, որ նույն այդ ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի ցանկությունները մեծանում են:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում տեղի է ունենում Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը, որին ներկա է նաև Վազգեն Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։