Սելահաթթին Դեմիրթաշ․ «Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել»
Թուրքիայում ավելի քան երեք տարի անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը թուրքական Artı TV-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել։
Դեմիրթաշն ընդգծել է, որ պետության ներսի ուժային կենտրոններն այլևս չեն աջակցելու Էրդողանին և չեն դառնալու նրա հանցակիցը։
ԺԴԿ-ի նախկին առաջնորդը խոսել է նաև «հետէրդողանական» Թուրքիայում նոր կառավարման համակարգի կառուցման գործում քրդերի և կուսակցության հնարավոր դիրքորոշման մասին։
«Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դիրքավորված է գործող դաշինքներից դուրս։ Ո՛չ ընտրական գործընթացի ժամանակ, ո՛չ ընտրություններից հետո ԺԴԿ-ն ու քրդերը տրիբունայից չեն հետևելու, թե ինչ է կատարվում։ Ընդհակառակը՝ կուսակցությունը՝ որպես քաղաքականության կառուցողական տարր, լինելու է այդ գործընթացի կենտրոնում։ Չի կարելի թույլ տալ, որ, ինչպես մեկ դար առաջ, երբ հանրապետությունը գրեթե նորից էր կառուցվում, քրդերը և մյուս հատվածները կրկին դուրս մղվեն և անտեսվեն»,-ասել է Դեմիրթաշը։