ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լուծել դեմարկացիայի հարցը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտական գործողությունների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով։ Կողմերին հորդորում ենք անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և հետագա էսկալացիան կանխելու համար:
Կողմերին նաև կոչ ենք անում ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ունենալ բոլոր կարևոր հարցերը, այդ թվում՝ սահմանների դեմարկացիայի հարցը լուծելու գործում։ Ինչպես նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարությունում։

