Հարուցվել է քրեական գործ` բնակատեղի-դամբարանադաշտի հուշարձանի տարածքում դամբարանները թալանելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարանները քանդելու և թալանելու դեպքի առթիվ:
2017թ. հունիսի 12-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի մոտակայքում 2012թ. հայտնաբերված մ.թ.ա. 1-ին հազարամյակի բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի տարածքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք քանդել և թալանել են երեք դամբարան:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հունիսի 19-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ բնակատեղի-դամբարանադաշտ հուշարձանի երեք դամբարանները քանդվել և վնասվել են 2017թ. փետրվարին: Պարզվում է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ պատճառված վնասի չափը հստակեցնելու, դամբարանի տարածքից հափշտակված առարկաները հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե