Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց է տեղափոխվել 9 երեխա. նրանք նույն մանկական զարգացման կենտրոնի սաներ են
Նոյեմբերի 9-ի երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 1 երեխա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից: Երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ երեկ երեկոյան, արագ արձագանքելով ահազանգին, վերահսկողական միջոցառումներ են սկսել «Էլկա» մանկական զարգացման կենտրոնում:
Վերցվել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը: «Վերահսկողության ընթացքի և լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ:

