Բաքվում սպառնում են Հայաստանի պաշտպանության նախարարին
Բաքուն սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հասցեին։ Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել է Կարապետյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի մասին։
Այդ հաղորդագրությունը նյարդային արձագանք է առաջացրել Բաքվում՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հիստերիայի։ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ Կարապետյանի այցը որակվում է որպես «անօրինական» եւ «սադրիչ», իսկ այցի նպատակն է «ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում եւ ստվեր գցել ռուս խաղաղապահների գործունեության վրա»։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ ադրբեջանական տարածքներ նման անօրինական այցերի կրկնման դեպքում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ՝ ագրեսիվ անջատողականությունը եւ սադրանքները կանխելու համար»,-սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն։