Բադասյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ՌԴ մաքսային և հարկային մարմինների փոխգործակցությունը
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այդ մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը կարևորել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային մաքսային և հարկային ծառայությունների ղեկավարների միջև հաճախակի տեղի ունեցող հանդիպումներն ու երկու պետությունների մաքսային և հարկային մարմինների միջև շարունակական ակտիվ շփումները։
Երկկողմ ընդգծվել է էլեկտրոնային համակարգերի ներդրման շուրջ համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությունը։ Անդրադարձել է կատարվել վարչական փոխգործակցությունն առավել սահուն իրականացնելու և իրավապայմանագրային դաշտի շրջանակներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն առավել բարձր մակարդակով ապահովելու հարցերին։