Զելենսկին հաստատել է թուրքական «Բայրաքթարի» կիրառումը Դոնբասում
Կիևի կողմից Դոնբասում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի օգտագործումը չի նշանակում ուկրաինական բանակի հարձակում, դա պատասխան է հակառակորդի գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հաղորդում է «Известия»-ն։
«Մենք առաջ չենք գնում, մենք պատասխանում ենք հրադադարի ռեժիմի վերաբերյալ այդ պայմանավորվածություններին համապատասխան։ Հենց այս ձևաչափով է, որ Ուկրաինան կշարունակի գործել»,- ասել է նա Օդեսայում լրագրողների հետ զրույցում։
Պետության ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերն ու այլ զենքերը «միայն պաշտպանության համար են»։
«Երբ ուկրաինական բանակը զգում է, որ անհրաժեշտ է պաշտպանել իր հողը, դա անում է», - ընդգծել է Զելենսկին։
Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Դոնբասում թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի կիրառումը։ Ինչպես հետևում է Ուկրաինայի զինված ուժերի հայտարարությունից, D-30 հաուբիցների մարտկոցը կրակել է ուկրաինացի զինծառայողների ուղղությամբ. Հրակոծության ժամանակ մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել է։
Zham.am