Հայաստանը շարունակում և շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «CONFLITS» պարբերականին, որի թարգմանությունը ներկայացրել է դեսպանությունը։
ՀԱՐՑ - 30 տարի է, ինչ Հայաստանն իր անկախությունն է հռչակել։ 1375 թվականից ի վեր՝ առաջին անգամ հազարամյակների պատմություն ունեցող հայ ազգը վերականգնեց պետականությունը և արժանացավ միջազգային հանրության ճանաչմանը։ Միևնույն ժամանակ անցած աշնանն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ դիմակայությունում ծանր պարտությունից հետո ձեր երկիրը կրկին ընկղմվեց ծանր անորոշության մեջ։ Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր ապագայի երաշխավորման հարցում։
ՊԱՏԱՍԽԱՆ - Այո, 30 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, Հայաստանը, իրացնելով ինքնորոշման իր իրավունքը և վճռական «այո՛» ասելով անկախությանը, հռչակեց անկախ պետականության վերածնունդը։ Միայն մի դիտարկում։ 1375 թվականից հետո Հայաստանն առաջին անգամ անկախություն է հռչակել դեռևս 1918 թվականի գարնանը՝ ստեղծելով Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը դեմոկրատական համակարգով պառլամենտական հանրապետություն էր։ 1915 թվականի հումանիտար աղետից՝ Հայոց ցեղասպանությունից հետո ստեղծված այդ պետությանը, ցավոք, վիճակված էր միայն երկու և կես տարվա կյանք ունենալ։ Իսկ ահա 1991 թվականի անկախության հռչակումը 1988 թվականին սկսված Ղարաբաղյան շարժման ուղիղ արդյունքն էր։ Առհասարակ արցախյան շարժումն անկախ Հայաստանի հիմնասյուներից է, որի վրա կառուցվել է մեր պետության ինքնությունը։ Դա է պատճառը, որ նախորդ աշնանը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան և դրա ծանր հետևանքները, այդ թվում՝ մարդկային կորուստները, ցնցեցին համայն հայ ժողովուրդին և հայկական սփյուռքին։
Այնուամենայնիվ, չնայած այդ ծանր հարվածին ու դառը կորուստներին Հայաստանն ու Արցախը կանգուն են, իսկ հայկական անկախ պետությունը՝ հավատարիմ անկախության հռչակագրի դրույթներին։ Այսօր էլ՝ Արցախում արյունալի պատերազմի մեկնարկից մեկ տարի անց, ամուր, կենսունակ, մոդեռն և ժողովրդավարական հայկական պետականության ամրապնդումն ու վերելքը մնում է համայն հայության առանցքային մարտահրավերը։
Նշվածի համատեքստում հատկապես կարևորում ենք հայկական սփյուռքի հետ հարաբերությունների վերաիմաստավորումը և սփյուռքի մարդկային ներուժի առավել ակտիվ ներգրավումը Հայաստանում ու Արցախում առկա մարտահրավերների հասցեագրման հարցում։
ՀԱՐՑ - Ադրբեջանը չի հրաժարվել իր ռազմատենչ հռետորաբանությունից, որը կյանքի է կոչում՝ խախտելով ձեր պետության ինքնիշխանությունը Սյունիքում և Գեղարքունիքում։ Նա ոտնձգություն է իրականացնում սահմանամերձ քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ որպես պատրվակ բերելով այն հանգամանքը, որ սահմանը Բաքվի և Երևանի միջև համաձայնության առարկա չի եղել։ Ո՞ր փուլում է գտնվում հայկական որոշ տարածքներում ադրբեջանական զորքերի ներկայության հարցը, և ինչու՞ դրանց հեռացման հարցում Ռուսաստանը ձեզ չի աջակցում նախկինում ստորագրված փոխադարձ օգնության պայմանագրերի հիման վրա։
ՊԱՏԱՍԽԱՆ - Այս տարվա մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, Սյունիքի և Գեղարքունի որոշ հատվածներում մի քանի կիլոմետր խորությամբ մուտք են գործել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Ադրբեջանի նշված քայլերն արժանացան միջազգային հանրության կոշտ գնահատականներին. հարցի վերաբերյալ արտահայտվեց նաև Ֆրանսիայի նախագահն, ով դատապարտեց այդ արարքը և կոչ արեց ադրբեջանական զորքերին լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը։
Այնուամենայնիվ, ստիպված եմ փաստել, որ ադրբեջանական զորքերն այսօր էլ շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ սահմանամերձ հատվածներում, ինչն անթույլատրելի է։ Հայաստանն այս հարցում որդեգրել է կառուցողական դիրքորոշում և իր առանցքային ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի միջնորդությամբ բանակցային ճանապարհով փորձում է հարցին խաղաղ լուծում տալ։ Հուսով ենք՝ Ադրբեջանը ևս ընթացիկ բանակցություններում կառուցողական դիրքորոշում կորդեգրի և, խուսափելով ռազմական բախումից, իր զորքերը դուրս կբերի Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ վերադառնալով այս տարվա մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերին, ինչը մեծապես թույլ կտա թոթափել առկա լարվածությունը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նաև սահմանազատման և սահմանագծման գործընթացներ սկսելու համար։
ՀԱՐՑ - Բաքուն ուժեղ ճնշում է գործադրում՝ հրադադարի համաձայնագրի 9-րդ կետի կիրառման նպատակով։ Խոսքն Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» անվանվող հաղորդակցության ռազմավարական ճանապարհի մասին է, որն Ադրբեջանը կապելու է Նախիջևանի էքսկլավին և Թուրքիային: Ձեր հարևան Իրանը կտրականապես դեմ է դրան: Ի՞նչ կարող եք ասել մեզ միջանցքի այս խնդրի մասին: Արդյո՞ք սա իրատեսական տարբերակ է և որքանո՞վ է այն վտանգավոր Հայաստանի համար:
ՊԱՏԱՍԽԱՆ - Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շատ հստակ ու առանց երկակի իմաստի ամրագրում է տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման դրույթը, որի շրջանակներում հայկական կողմը նաև երաշխավորում է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժը։ Ո՛չ նշված փաստաթղթում և ո՛չ որևէ այլ փաստաթղթում երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին։ Ուստի Հայաստանը վճռականորեն մերժում է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կեղծ օրակարգը, ինչպես նաև սեփական տարածքով ու սեփական սուվերենության հաշվին որևէ միջանցքի տրամադրումը։
Մեզ համար անակնկալ չէ, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի սահմանների փոփոխության մասին հայտարարությունները, հարուցում են տարածաշրջանային ուժերի, այդ թվում՝ հարևան Իրանի խոր մտահոգությունը։ Իրանը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում, և դրա վերջին ամենավառ վկայությունը Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի արտահայտած հստակ դիրքորոշումն էր: Հավատացած ենք, որ Իրանի ներգրավվածության ընդլայնումը միայն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջ մղման և անվտանգ միջավայրի ձևավորման տեսանկյունից։
ՀԱՐՑ - Հայաստանը կորցրել է Արցախի (նախկին Ղարաբաղ, չճանաչված ո՛չ Երևանի և ո՛չ միջազգային հանրության կողմից) տարածքային ամբողջականության և, առաջին հերթին, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի կարգավիճակը՝ հօգուտ Ռուսաստանի: Ի՞նչ կարող է Հայաստանն անել այս փուլում:
ՊԱՏԱՍԽԱՆ - Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ նախորդ տարի Արցախի դեմ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, և ներկայումս ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը: Ռուս խաղաղապահների ներկայությունն անվտանգության կարևորագույն գործոն է, և Հայաստանն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները խաղաղապահական առաքելության անխոչընդոտ գործունեության համար՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը բոլոր առիթներն օգտագործում է խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունը և արդյունավետությունը հարցականի տակ դնելու համար։
Միևնույն ժամանակ Հայաստանը շարունակում և շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և պաշտպանել արցախահայության հիմնարար իրավունքները։ Արցախի անվտանգությունն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը։ Հայաստանի կառավարությունն իր հերթին ջանք չի խնայում նախորդ տարվա պատերազմի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ համագործակցությամբ իրականացվում են Արցախում տնտեսական կյանքի ակտիվության վերականգնմանը և բնակչության սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված հրատապ ծրագրեր։
ՀԱՐՑ - Արդյո՞ք նպատակահարմար եք համարում ներկա իրավիճակում շարունակել պայքարը Արցախի միջազգային ճանաչման համար (ոգեշնչվելով Կոսովոյից կամ Արևելյան Թիմորից):
ՊԱՏԱՍԽԱՆ - Մենք այսօր նախևառաջ կենտրոնացած ենք նախորդ տարվա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրների լուծման վրա։ Հատկապես հրատապ է Ադրբեջանում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը, որոնց Բաքուն, ի խախտումն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի ճանաչված նորմերի, հրաժարվում է վերադարձնել, ավելին՝ հրապարակայնորեն չի թաքցնում, որ պահում է նրանց քաղաքական առևտուր անելու նպատակով։ Մեզ այս հարցը շատ է մտահոգում, քանի որ փաստագրված է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիներն ամենօրյա խոշտանգումների են ենթարկվում ՝ իրենց էթնիկ պատկանելիության հիմքով։
Ինչ վերաբերում է ձեր հարցին, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը եղել և մնում է հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցերից մեկը, որը մինչ այսօր լուծված չէ։ Հայաստանը վճռականորեն հետամուտ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը և հետևողականորեն առաջ է մղելու Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացման անհրաժեշտությունը:
Այս համատեքստում կցանկանայի հիշեցնել, որ շուտով կլրանա Ֆրանսիայի Սենատի՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության» վերաբերյալ պատմական բանաձևի առաջին տարեդարձը։ Նշված բանաձևը, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԺ ընդունած համանման բանաձևը, ցույց տվեցին, որ Ֆրանսիան և ֆրանսիական հասարակությունը չեն ցանկանում անտարբեր մնալ հայ ժողովրդի դեմ ադրբեջանաթուրքական ուժերի ագրեսիայի պայմաններում և պաշտպանում են հակամարտության արդարացի ու խաղաղ լուծման ճանապարհը։ Այդ բանաձևերը կարևոր նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակի հստակեցման և, հետևաբար, Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցերում։
ՀԱՐՑ - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «դրական ուղերձներ» փոխանակեց նախագահ Էրդողանի հետ՝ նպատակաուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Արդյո՞ք Հայաստանը նախապայմաններ է դրել այս կարգավորման համար (օրինակ ՝ 1915 թվականի ցեղասպանության ճանաչումը), և ինչո՞ւ:
ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը երբեք նախապայմաններ չի ներկայացրել՝ պնդելով առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման անհրաժեշտության վրա։ Հակառակ Հայաստանի կառուցողական դիրքորոշմանը՝ Թուրքիան տասնամյակներ շարունակ որդեգրել է նախապայմանների առաջադրման քաղաքականություն, ինչի պատճառով հարաբերությունները մինչ այսօր կարգավորված չեն։ Այսօր ևս Հայաստանի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չկա. հակառակ նախորդ տարվա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածությանը և տարածաշրջանում Թուրքիայի անկայունացնող դերակատարությանը՝ մենք այսօր էլ պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, քանի որ այն բխում է տարածաշրջանի անվտանգության և տնտեսական զարգացման շահերից։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա մենք այդ հարցը դիտարկում ենք այլ հարթության վրա՝ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման հարցից դուրս։ Այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից նոր՝ ավելի ամբողջական պատկեր է հաղորդել ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Կարող ենք փաստել, որ այսօր թե՛ միջազգային առանցքային դերակատարների մեծ մասը և թե՛ միջազգային պատմագիտական համայնքն աներկբայորեն ճանաչում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Այնպես որ, այս հարցում գնդակը գտնվում է թուրքական պետության դաշտում։ Վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը միմիայն կնպաստի տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը և անվտանգային համակարգի ամրապնդմանը։
ՀԱՐՑ - Հայաստանը ստանձնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը: Այդ կազմակերպությունը չշտապեց օգնել ձեր երկրին, այն պարագայում, որ մայիսից Ադրբեջանը ռազմական ներխուժումներ է իրականացնում ձեր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք ... Ինչու՞:
ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանը ՀԱՊԿ-ն դիտարկում է որպես Հայաստանի անվտանգային ճարտարապետության կարևորագույն օղակներից մեկը։ Հետևաբար՝ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավվել կառույցի աշխատանքներին, այդ թվում՝ առաջ մղելով անմիջականորեն Հայաստանի անվտանգային միջավայրի ամրապնդմանն ուղղված օրակարգեր։ Հայաստանն օգտագործելու է ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելու հանգամանքը՝ կազմակերպության ինստիտուտներն ամրապնդելու նպատակով՝ ի շահ ՀԱՊԿ անդամների անվտանգության համակարգերի ամրապնդման։
ՀԱՐՑ - Մինսկի խումբը դիտարկվում է որպես մահամերձ կառույց, քանի որ նրան չհաջողվեց կանխել պատերազմը: Ադրբեջանն ու Թուրքիան այլևս չեն ցանկանում լսել այդ կառույցի մասին: Այնուամենայնիվ, այն շարունակում է իր գործունեությունը: Ի՞նչ գնահատական կարող եք տալ այդ կառույցի աշխատանքներին:
ՊԱՏԱՍԽԱՆ - Ճիշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, չնայած գործադրված ջանքերին և հրադադարի փորձերին, չհաջողվեց կանխել և արագ կանգնացնել նախորդ տարի Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ և միջազգային ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը։ Չնայած դրան՝ ներկայումս առկա են բարենպաստ պայմաններ համանախագահության ձևաչափի աշխատանքների լիարժեք վերականգնման համար, ինչը Հայաստանը միայն ողջունում է։ Մինսկի խմբի համանախագահները միջազգային հանրության կողմից օժտված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մանդատով, իսկ հիմնախնդրի առանցքային հարցերից մեկը, ինչպես արդեն առիթ ունեցա նշելու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, որը մնում է չլուծված։ Հետևաբար՝ Մինսկի խմբի համանախագահությունն այս հարցում դեռ կարևոր դերակատարում ունի։ Սեպտեմբեր ամսին Նյու Յորքում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն առաջին քայլն էր կարգավորման գործընթացը լիարժեք վերականգնելու հարցում։ Հայաստանը ողջունում է այդ հանդիպման անցկացումը և հուսով է, որ համանախագահների ներգրավմամբ շփումները շարունակական կլինեն։
ՀԱՐՑ - Որո՞նք են ֆրանս-հայկական երկկողմ հարաբերությունների ուժեղ կողմերը՝ մշակույթի ոլորտից դուրս: Որո՞նք են մեծ ներուժ ունեցող բնագավառները:
ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները խարսխված են համապարփակ ու ինտենսիվ քաղաքական երկխոսության և դարերից եկող մշակութային կապերի ու ժողովուրդների միջև բարեկամության վրա։ Միևնույն ժամանակ մեզ մոտ կա հստակ գիտակցում, որ երկկողմ հարաբերությունների ոչ ամբողջական ներուժն է իրացվել նախորդ տարիների ընթացքում։ Հատկապես անցած տարվա պատերազմից հետո ներկայումս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ իրական հնարավորություն է ստեղծվել հայ-ֆրանսիական հարաբերությունների կուտակած էներգետիկան դեպի առավել գործնական ծրագրերի իրականացման դաշտ ուղղելու համար։ Խոսքը նախևառաջ տնտեսական հարաբերությունների խորացմանն է վերաբերում։ Այդ հարցում թե՛ հայկական ու թե՛ ֆրանսիական կողմերն ընդգծված կերպով արտահայտել են Հայաստանում խոշոր տնտեսական ծրագրեր իրականացնելու և ֆրանսիական ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հետևողական աշխատանքներ տանելու պատրաստակամության մասին։ Մենք կողջունենք ենք Հայաստանում ֆրանսիական տնտեսական ներկայությունն ավելի շոշափելի դարձնելու յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման բնագավառում։ Այս համատեքստում պետք է հիշել նաև Եվրոպական միության կողմից Հայաստանին առաջարկված 2,6 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ աջակցության ծրագիրը, որի բաղադրիչների իրականացմանը Ֆրանսիան, հուսով ենք, ակտիվ մասնակցություն կունենա։
Տնտեսական օրակարգից զատ, կարծում եմ՝ լավ հնարավորություն կա էլ ավելի խորացնելու ապակենտրոնացված համագործակցությունը՝ հաշվի առնելով ներկայումս Հայաստանի ու Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև արդեն իսկ առկա համագործակցության ավելի քան 30 ծրագրերը։ Հաջորդ տարի կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական՝ չորրորդ համաժողովը թույլ կտա իրականացնել համագործակցության նոր ծրագրեր։
Համագործակցության օրակարգում են գտնվում նաև կրթության ու մշակույթի ոլորտում մի շարք նոր ծրագրեր։ Քայլեր են կատարվում նաև պաշտպանական և ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ։
Ամփոփելով կարող եմ արձանագրել, որ Հայաստանը վճռական է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին նոր թափ ու որակ հաղորդելու համար։ Կցանկանայի հատուկ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ կառավարության գործողությունների հնգամյա ծրագրում, որը վերջերս է ընդունվել, առաջին անգամ առանձին պարբերությամբ որպես առաջնահերթություն է նշվել Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդումը՝ շեշտադրելով տնտեսական հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։
ՀԱՐՑ - Կարո՞ղ է արդյոք Փարիզը Մինսկի խմբի շրջանակներից դուրս, որի համանախագահն է Ֆրանսիան, դերակատարում ունենալ լարվածության թուլացման գործում։
ՊԱՏԱՍԽԱՆ - Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այս հարցին պատասխանեն մեր ֆրանսիացի գործընկերները։ Միայն կմատնանշեմ, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի մասնակցությունը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։ Ֆրանսիան այս ֆորմատում ունի ընդգծված կառուցողական ու հավասարակշռված ազդեցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը մենք բարձր ենք գնահատում։
ՀԱՐՑ - Պատերազմից մեկ տարի անց լարվածությունը և ատելության մակարդակը շատ բարձր են։ Ի՞նչ եք կարծում, երրորդ պատերազմն անխուսափելի՞ է, ինչպես դա կանխատեսում են շատ փորձագետներ:
ՊԱՏԱՍԽԱՆ - Չէի ցանկանա կանխատեսումներ անել։ Միայն կարող եմ արձանագրել, որ իրավիճակը մեր տարածաշրջանում մնում է շատ լարված, նույնիսկ՝ պայթյունավտանգ։ Առկա պայմաններում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը նույնիսկ նախորդ տարվա արյունալի պատերազմից հետո մերժում է խաղաղության օրակարգը՝ չհրաժարվելով ռազմատենչ ու ծավալապաշտական քաղաքականությունից և սեփական հասարակությունում հայերի հանդեպ ատելություն գեներացնելուց, խոսել տարածաշրջանում իրավիճակի շուտափույթ կայունացումից դժվար է։
Հայաստանն իր հերթին բոլոր անհրաժեշտ քայլերն անում է տարածաշրջանում խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։ Ընդ որում՝ Հայաստանը ադրբեջանական իշխանությունների՝ հայերի հանդեպ հսկայական ծավալների հասնող ատելության դրսևորումներին վերջ տալու նպատակով ստիպված էր կիրառել միջազգային իրավական գործիքակազմ։ Մասնավորապես Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (CERD) խախտման հիմքով՝ մատնանշելով Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ Հայաստանի ու հայերի նկատմամբ կիրառված ատելության աղաղակող դրսևորումները։ Այդ դրսևորումների մասին տարիներ շարունակ ահազանգում է ինչպես Հայաստանը, այնպես էլ՝ միջազգային փորձագիտական համայնքը, որը միասնական է այն եզրակացության մեջ, որ Ադրբեջանում արդեն սերունդներ են մեծացել հայերի հանդեպ ատելության տարածման մթնոլորտում։ Այսօր էլ ատելության դրսևորումներն ակնառու են թե՛ Ադրբեջանի ղեկավարի գրեթե բոլոր ելույթներում և թե՛ ադրբեջանական իշխանությունների գործողություններում. բավարար է հիշատակել արդեն գրեթե մեկ տարի Բաքվում անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց կամ պատերազմի ընթացքում հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց սպանության փաստագրված դեպքերը։ Կարծում եմ կհամաձայնեք, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու և նոր պատերազմներից խուսափելու կարևորագույն միջոցներից մեկը ատելության դրսևորումներից ու ատելության խոսքից վճռական հրաժարումն է և խաղաղության օրակարգի հետապնդումը, ինչը, ցավոք, մենք առայժմ չենք տեսնում մեր հարևանի կողմից։