Ադրբեջանը պատրաստվում է մեկ հարվածով Սյունիքը, Վայոց Ձորն ու Արցախը ոչնչացնի կամ գրավի. Հրանտ Մելիքյան
Իշխանություններն այս պահի դրությամբ հրաժարվում են Հայաստանի շահերը պաշտպանել։ «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Մելիքյանը։
«Իշխանությունները հիմա դե ֆակտո ուղիղ դա հայտարարում են, թող ռուսները կանգնեն այստեղ, թող Ֆրանսիան ճանաչի, թող Ամերիկան անի և այլն։ Այսինքն՝ հրաժարվում են գործողություններից և այդկերպ թույլ են տալիս, որ գործողություններն անեն Թուրքիան և Ադրբեջանը»,-նշեց Հրանտ Մելիքյանը։
Վերջինս նշեց, որ եթե Հայաստանը սուբյեկտայնություն չունի, ապա Հայաստանի հետ կարելի է ցանկացած բան անել, այդ թվում այստեղ ապահովել Թուրքիայի և Ադրաբեջանի ներկայությունն այն աստիճանի, որ հետո որևէ կերպ հնարավոր չլինի դա արմատախիլ անել։
«Թուրքիան և Ադրբեջանը տարբեր կարևոր կետեր են վերցնում, որոնք հետո ծառայելու են իրենց նպատակներին։ Եթե ուսումնասիրենք Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը, ապա կտեսնենք, որ Ադրբեջանը պատրաստվում է մեկ հարվածով Սյունիքը, Վայոց Ձորն ու Արցախը ոչնչացնի կամ գրավի։ Այդ դեպքում Հայաստանը կմնա քարտեզի վրա վերնագիր»,-ասաց Հրանտ Մելիքյանը։
Աղբյուր` Փաստինֆո