Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր եւ ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարեւոր դերակատարությունը:
Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ: Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ միմյանց ներկայացնելով նաեւ հարցերի լուծման իրենց դիրքորոշումները:
Իշխան Սաղաթելյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարեւոր դերակատարության համար:
Երկուստեք կարեւորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը: Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են միջխորհրդարանական եւ միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: