Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման խնդրի առաջնահերթ բնույթից
Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման խնդրի առաջնահերթ բնույթից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունների սպառնալիքի մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը:
«Ռուսաստանը վարում է համապատասխան համապարփակ քաղաքականություն, ներառյալ երկխոսություն պահպանելով տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ: Երեկ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի արտգործնախարարները քննարկեցին «3+3» ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան)։ Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը»,-ասել է Զախարովան։
Ավելի վաղ Աբդոլլահիյանը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Իրանը չի ընդունի Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Տարածաշրջանը չի կարող նոր ավելորդ պահանջներ ներկայացնել: Իրանն ակնկալում է, որ այլ երկրները դրականորեն կարձագանքեն իր բարիդրացիության քաղաքականությանը: Մենք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները Կովկասում: Մենք դեռ մտահոգված ենք սիոնիստների եւ ահաբեկիչների ներկայությամբ»։
Աղբյուր՝ News.am