Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին կկալանավորվի
ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը` բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը 2021թ. օգոստոսի 18-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:
Միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ մերժել էր միջնորդությունը՝ համարելով, որ թեև առկա է գործի քննությանը մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը, սակայն այն նվազ է, և մեղադրյալի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել նաև անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառման դեպքում՝ դա թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը: