ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին Դավիթ Հարությունյանի հետ հանդիպմանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել կառույցի ղեկավարին Հայաստանում իրականացվող կարևոր ծրագրերին օժանդակելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական, արդյունքը՝ շոշափելի:
ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները Եվրամիության առաջնահերթություններից են: Այդ համատեքստում դեսպանը կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունավետ իրականացումն ու ԵՄ աջակցությունը հայտնել դրանք կյանքի կոչելու հարցում:
Նախարար Դավիթ Հարությունյանը արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները համարել է անհետաձգելի և դեսպանի հետ քննարկել վերը նշված ոլորտներում, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործմանը, Աշխատանքային օրենսգրքի բարեփոխմանն ուղղված աշխատանքներում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունները: