Գերմանիայի դեսպանն ավարտել է առաքելությունը ՀՀ-ում, նախագահին խոստացել է մնալ լավ բարեկամ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին՝ հայ-գերմանական կապերի խորացման և երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Նախագահը նշել է, որ, որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, այս ընթացքում Հայաստանի համար կարևոր էր ծանոթանալ խորհրդարանական կառավարման ավանդույթներ ունեցող Գերմանիայի փորձին, և շնորհակալություն է հայտնել փորձի փոխանակման գործում ցուցաբերած աջակցության ու համագործակցության համար:
Դեսպան Միխայել Բանցհաֆը նշել է, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը և այսուհետ ևս կձգտի հնարավորինս նպաստել երկու երկրների միջև կապերի զարգացմանը: