Ադրբեջանը հայտարարել է, թե Ակնայի տարածքն ամբողջությամբ մաքրվել է ականներից
Ադրբեջանի ականազերծման գործակալության սակրավորներն ամբողջությամբ մաքրել են Ակնա քաղաքը (Աղդամ) ականներից և չպայթած զինամթերքից: Այս մասին հայտնում է «Sputnik Ադրբեջանը»՝ հղում անելով Ալլահվերեն Ալիեւին, ով 44-օրյա պատերազմից հետո Բաքվի կողմից նշանակվել է Ակնայի շրջանի ղեկավարի տեղակալ:
Նրա խոսքով, չնայած պայթուցիկ սարքերի ոչնչացմանը, քաղաքի վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են: «Էլեկտրահաղորդման, ջրամատակարարման գծեր են անցկացվում, ճանապարհներ են կառուցվում», - ասել է Ալիևը: Նա միաժամանակ ընդգծել է, որ շրջակա ճանապարհների ու գյուղերի ականազերծման գործընթացը դեռ ավարտված չէ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հետ է վերադարձրել գերության մեջ գտնվող 15 հայ զինծառայողի` Ղարաբաղի Ֆիզուլիի և Զանգիլանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Դրանք պարունակում էին տեղեկատվություն 92 հազար պայթուցիկ սարքերի մասին: