Գորիսի փոխքաղաքապետերը ձերբակալվեցին, որ կառավարությունը կարողանա քաղաքապետ նշանակել. փաստաբան
Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը ձերբակալվեցին, որ կառավարությունը կարողանա քաղաքապետ նշանակել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մելքոնյանը։
«Սա Գորիսի գլխատումն է։ Սա շնորհակալությունն է այն աշխատանքին, որը Մենուա Հովսեփյանն ու Իրինա Յոլյանն արեցին պատերազմի ու հետպատերազմյան շրջանում։ Մեզ ասացին, որ երեկոյան կալանավորման միջնորդություններ կներկայացվեն դատարան։ Այս պահին էլ մեղադրանքներն են առաջադրվում»,- ասաց Արմեն Մելքոնյանը։
Փաստաբանը հայտնեց, որ Մենուա Հովսեփյանի մեղադրանքի հիմքում կրկին դրվել է Քարահուջի ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքը։
«Մյուսների վերաբերյալ քրեական գործի նյութերը դեռ չեն տրամադրվել»,- ասաց Արմեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ նույնաբովանդակ ցուցմունք է դրվել նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք առաջադրելու հիմքում։
Նշենք, որ որոշում է կայացվել Իրինա Յոլյանին, համայնքապետարանի 2 աշխատակիցներին ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրյալներ ներգրավել։

