Սոթքում հակառակորդը անկանոն կրակում է․ հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին 24News-ին հայտնեց «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը՝ նշելով, որ հակառակորդը շարունակում է անկանոն կրակոցներ արձակել։
«Սահմանային գոտում, որն անցնում է հանքավայրի տարածքով, անկանոն կրակոցներ են արձակվում։ Մենք լիովին կանգնեցնում ենք աշխատանքները՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ հանքավայրի աշխատանքները դադարեցվել էին՝ պայմանավորված հակառակորդի ակտիվությամբ, գիշերային հերթափոխը տարհանվել է, իսկ այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել էին։
Նախօրեին սրվել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին՝ Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10-ի սահմանում Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրանքի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն 3 զոհ և վիրավոր: