Ադրբեջանը սկսել է Վարանդա-Շուշի 3 կիլոմետրանոց թունելի շինարարությունը
Ադրբեջանը սկսել է Վարանդա-Շուշի թունելի շինարարությունը։ Շինարարության մասին որոշումը կայացվել էր Ալիևի՝ հունվարի 14-ին Վարանդա կատարած այցի ընթացքում։ Ըստ նախագծի՝ ճանապարհի երկարությունը կկազմի 84,6 կմ`դժվարանցանելի տեղանքներով տարածքներում անուղղակի կամուրջների և թունելների կառուցման շնորհիվ: Կառուցվող թունելների ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 3 կմ: Բացի այդ՝ նոր երթուղու վրա նախատեսվում է կառուցել տարբեր մակարդակի ճանապարհային հանգույցներ: Ճանապարհի լայնությունը կլինի 29,5 մետր՝ լայն, և 21,5 մետր՝ նեղ հատվածներում: Վարանդա-Շուշի մայրուղին անցնելու է Ֆիզուլիի նոր օդանավակայանի մոտակայքով, որի շինարարությունն արդեն սկսվել է: Աղբյուրը նշում է, որ շինարարության առաջին փուլն արդեն ավարտված է։