Վարդենիսից անհետացած 19-ամյա զինծառայողի գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա. Կողբի համայնքապետ
Շուրջ մեկ ու կես ամիս է, ինչ ժամկետային զինծառայող, շարքային Նորիկ Մկրտչյանը համարվում է անհետ կորած։ Զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ, շարունակվում են որոնողական աշխատանքները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։
«Չեն գտել զինծառայողին, նույնն է, որևէ տեղեկատվություն չունեն։ Շարունակում են փնտրել»։
Համայնքի ղեկավարը նշեց, որ Մկրտչյանի մոտ երկու հեռախոս է եղել, իրավապահները գտել են դրանցից մեկը։
Աղաբաբյանը հավելեց, որ կապի մեջ է նաև զինծառայողի հարազատների հետ, վերջիններս ևս փնտրում են Մկրտչյանին։
Հիշեցնենք, որ մայիսի 22–ին, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 18-ին, ժամը 22:10-ին, ՊՆ N զորամասից ՌՈ Վարդենիսի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանն ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը եւ ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում:
Մեկ ամիս առաջ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հավելել էր, որ զինծառայողին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ առկա չէ: Ըստ գլխավոր դատախազի խորհրդականի՝ տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ
Մկրտչյանը վերջին անգամ ծնողի հետ մայիսի 13-ին է խոսել։ Ինտերնետը միացել է եղել Վարդենիսի տարածքում:
Մկրտչյանը ծնվել է 2002 թվականին, զորակոչվել 2021-ին՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից:

