Իրանցի պաշտոնյան PJAK-ի հարձակման մասին. «Միջադեպի պատասխանատուն Թուրքիան է»
Մայիսի 28-ին երեկոյան Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տարածքում գործունեություն ծավալող «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության ուժերի և իրանցի զինվորների միջև բախում է տեղի ունեցել:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ բախման հետևանքով սպանվել է երկու իրանցի զինվոր, 7 հոգի էլ վիրավորվել է:
Նշվում է, որ բախման վայրը մոտ է եղել Թուրքիայի սահմանամերձ հարավարևելյան Հաքքարի նահանգին:
Միջադեպի վերաբերյալ խոսել է Իրանի ոստիկանական ուժերի սահմանապահ ծառայության հրամանատար գեներալ Քասըմ Ռըզային: Վերջինս տեղի ունեցածի մեջ մեղադրել է Թուրքիային:
«Այս գործողությանը վճռական պատասխան ենք տալու: Մենք գտնում ենք, որ միջադեպի պատասխանատուն Թուրքիան է»,-ասել է Ռըզան:
Աղբյուրը շեշտում է, որ երկար ժամանակ էր, ինչ, PJAK-ի և Իրանի անվտանգության ուժերի միջև բախում տեղի չէր ունեցել:
Հիշեցնենք, որ PJAK-ը Իրանում հանդիսանում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևը:
Աղբյուր` Ermenihaber.am