Ռուսաստանի քաղաքացիներին վտանգավոր է այցելել ԱՄՆ․ ՌԴ ԱԳ նախարարություն
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ արտասահման մեկնած ՌԴ քաղաքացիները իրենց վտանգի են ենթարկում, քանի որ անօրինական կերպով ձերբակալվում են Միացյալ Նահանգներում եւ այլ երկրներում։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վերջին շրջանում Ռուսաստանի քաղաքացիների հալածանքները ձեռք է բերել «իսկական «որսի» բնույթ» եւ ամերիկյան ուժային գերատեսչությունները դիմում են գաղտնի հետապնդման, ձերբակալությունների եւ բացահայտ հարձակումների, անտեսելով ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ 1999 թվականին կնքված քրեական գործերի մասով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագիրը։
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները վտանգի են ենթարկում իրենց հատկապես ԱՄՆ եւ այն երկրներ այցելության ժամանակ, որոնք ունեն Վաշինգտոնի հետ արտահանձնման պայմանագիր։ Վերջին տարիներին, ամերիկյան անօրինական պատժիչ արդարադատության զոհ է դարձել ՌԴ 60 քաղաքացի։ Մոսկվայում ընդգծել են, որ ցանկացած ՌԴ քաղաքացի, որ մեկնում է արտասահման, պետք է իրեն հաշիվ տա, որ կարող է ենթարկվել հալածանքների եւ իր հանդեպ կարող է կիրառվել կանխակալ՝ «Եթե Ռուսաստանից ես, ուրեմն մեղավոր ես» սկզբունքը։

