Նորագույն հայ իրականության մեջ «բացասման-բացասման» օրենքը վաղուց հատել է ողջամտության բոլոր սահմանները
Նորագույն հայ իրականության մեջ «բացասման-բացասման» օրենքը վաղուց հատել է ողջամտության բոլոր սահմաններն ու, կարծես հասել ենք մի հանգրվանի, երբ սկսել ենք համատարած ատել մեր անցյալը, ասել է թե՝ մեր նախորդների բոլոր այն կերտածները, որոնք դեռ չեն հասցրել վերածվել դասագրքային ճշմարտության կամ, ինչպես ասում են, «քնած պատմության»: Մեզ համար արժևորման չափորոշիչ է դարձել ոչ թե համազգային կարևորության գործընթացներում անհատի թողած ծանրակշիռ ավանդը, այլև նրա մասին հորինվող և համոզմունքի հասցվող բամբասանքը, որն զգացմունքայնությունից խլացած հանրությանն է ներկայացվում պատեհ ու անպատեհ առիթով: Հենց այդպես էլ մենք անխնա ավերում ենք մեր երեկը՝ «օճառաջրի հետ դուրս նետելով մաքրամաքուր մանուկին...»։ Մենք առաջ ենք շարժվում, մեր հետևում թողնելով դատարկություն, որի վրա կառուցելը լինելու է ոչ միայն վտանգավոր, այլև անհնար... Մենք ցանկացած նորի սկիզբ հնի համար դարձրել ենք ամենակարող դատավոր և անցյալին նայում ենք որպես հանցագործի... Կդիմանանք, արդյո՞ք, այս ահավոր անկմանը, թե ժամանակ հետո ունեցած մեր կորուստների համար նորից կմեղադրենք Հայոց ճակատագրին...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

