Իշխանությանը կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ քաղաքացիական բախումներ չհրահրել. Արման Աբովյան
Սա ակնհայտ սադրանք էր, այն ատելությունը, որը գեներացվում է այս ընտրական փուլում, շատ վտանգավոր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով նախօրեին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցների ներխուժմանը՝ ԲՀԿ շտաբ։
«Ամեն ինչ ոստիկանների առաջ է տեղի ունեցել։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում խստագույնս պատժել սադրիչներին, որովհետեւ մտան մեր շտաբ, փորձեցին ծեծկռտուք հրահրել, վիրավորանքներ հնչեցնել, հայհոյախառը վանկարկումներ էին անում, առանց այդ էլ իրավիճակը շատ լարված է։ Հույս ունենք, որ ոստիկանությունը իրավական գնահատական կտա։ Իշխանությանը կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ քաղաքացիական բախումներ չհրահրել»,– ասաց Արման Աբովյանը։
Նշենք, որ երեկ՝ հունիսի 14–ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված քայլերթի ընթացքում, միջադեպ էր տեղի ունեցել ՔՊ համակիրների եւ ԲՀԿ շտաբի աշխատակիցների միջեւ։