«Նիկոլ, դավաճան». Արմավիրում Փաշինյանի քարոզարշավի ժամանակ բերման է ենթարկվել երեք քաղաքացի
Երեք քաղաքացի է բերման ենթարկվել Արմավիրում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։
Մեկ քաղաքացին բերման է ենթարկվել Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի (Անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու) կասկածանքով, երկու քաղաքացիները բերման են ենթարկվել ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածի (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ այսօր ԶԼՄ–ներում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, որ Արմավիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքացիներ գոչում են. «Նիկոլ, դավաճան»։ «Մեդիապորտ» Տելեգրամ–ալիքի տեղեկություններով` գործարար, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները «Նիկոլ, դավաճան» գոռացող քաղաքացուն ծեծի են ենթարկել։

