Հայկ Սարգսյանը խլել է լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու այն վերադարձրել մեկ ժամ անց՝ օգնականի միջոցով
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ «Շիշ բռնողը», այսօր փողոցում հափշտակել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։
Tert.am-ի հետ զրույցում Անուշ Դաշտենցը պատմեց, որ պատգամավորը մոտ մեկ ժամ անց վերադարձրել է այն։ «Զանգեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի անդամներից մեկին, որն էլ օգնականի միջոցով մոտ մեկ ժամ անց վերադարձրեց հեռախոսս»,-նշեց Անուշ Դաշտենցը։
Պատմելով միջադեպի մասին՝ լրագրողը նշեց, որ շտաբի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդկանց մեջ նկատել է պատգամավորին, մոտեցել է ու փորձել հարցնել, թե ինչպես է մեկնաբանում Ռուստամ Մուրադովի՝ բանակցություններից ձեռնունայն վերադառնալը։ Պատգամավորը հունից դուրս է եկել, խլել է հեռախոսն ու հեռացել՝ ասելով, թե այն չի վերադարձնի, քանի «լրագրողը խելքը գլուխը չի հավաքել»։
Հայկ Սարգսյանը փորձել է ջնջել տեսագրությունը, սակայն հեռախոսը մատնահետքով է եղել և չի կարողացել բացել այն։
Երբ լրագրողը հավաքված ՔՊ-ականներին ասել է, որ դիմելու է ոստիկանություն, շտաբի մոտ հավաքվածներ պնդել են, թե իրենք ոչինչ չեն տեսել և լրագրողը չի կարողանա ապացուցել։
Միջադեպին անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել:
«ՔՊ-ի ունիկալ հատվածի տեսականի Շիշ բռնողը քիչ առաջ պարզապես առեւանգել է «Հրապարակի» լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու «թռել»։
Լրագրողը ընդամենը հարց էր տալիս Մուրատովի մոսկովյան այցի հետ կապված։
Ես, իհարկե, վստահ եմ, որ ոստիկանությունը չի անելու ոչինչ, որովհետեւ Շիշ բռնողն ունի անձեռնմխելիության «դաբլ» ստատուս, բայց ինձ շարունակում է զարմացնել լրագրողների իրավունքների պաշտպանության եւ ընդհանրապես՝ իրավապաշտպան կլուբների տոտալ լռությունը, ովքեր անգամ այն դեպքում, երբ Մոսկվայում ծռվում է, օրինակ, Նավալնու պրիչոսկան, մինչեւ Նավալնու վարսավիրի հասնելը, հայտարարությունախեղդ են անում ազգի տառաճանաչ սեգմենտին»,-գրել է պատգամավորը։
Աղբյուր՝ Tert.am