ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ արտադրական կանեփի արտադրության, վաճառքի համար անհրաժեշտ կլինի լիցենզիա:
«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ կառավարությունը 2021-ի փետրվարի 4-ին ընդունել է տնտեսական արձագանքման ծրագիրն ու գործողությունների պլանը, որով նախատեսվում է նոր բարձր ավելացված արժեք ապահովող մշակաբույսերի մշակության և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծում: Այս ամենով պայմանավորված՝ Հայաստանում արտադրական կանեփի մշակության և վերամշակման գործունեության իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել իրականացնել որոշ օրենսդրական փոփոխություններ:
«Թույլատրվելու են արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Արտադրական կանեփը նախատեսված է բացառապես գյուղատնտեսության և արդյունաբերական նպատակներով: Արտադրական կանեփի ատադրությունը ներառում է մշակաբույսի մշակությունը և կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների վերամշակումը, որի արդյունքում ստացվում է կանաբիդոլի յուղ: Կանաբիդոլի յուղը լայն կիրառում ունի կոսմետիկ արտադրության, ինչպես նաև բժշկության ոլորտում»,-ասաց Գաբրիելյանը:
Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Լիցենզիաները տրամադրվելու են մինչև 10 տարի ժամանակով: Լիցենզիայի տրամադրական համար սահմանվում են հստակ պահանջներ: Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու է: Սահմանվելու են նաև պետական տուրքեր: