Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից. Արա Այվազյան
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգությունն ուղիղ հետևանքն է անցած տարվա սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի գործողությունների ոչ համարժեք միջազգային և տարածաշրջանային արձագանքի:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը.
«Գոտեպնդված անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը փորձում է ստեղծել աշխարհաքաղաքական նոր իրողություններ, որոնք չեն բխում տարածաշրջանային կայունությամբ շահագրգիռ երկրների շահերից։ Այս պայմաններում մեր տարածաշրջանային գործընկերների հետ երկխոսությունն առավել քան կարևոր է»,-ասել է Այվազյանը: